ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Person Image
23.04.2021

Հայկ Մարությանն այցելել է հիմնանորոգվող մանկապարտեզներ

Երևանի քաղաքապետարանը շինարարական ծավալուն ծրագրեր է իրականացնում համայնքային մանկապարտեզներում։ Հիմնանորոգված մանկապարտեզների պայմաններին ու շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

2021թ. 23 մանկապարտեզ գտնվում է շինարարության մեջ, որից 10-ը կհանձնվեն այս տարի, 13-ը՝ 2022թ:

23 մանկապարտեզից 8-ը կհիմնանորոգվի համայնքային բյուջեի միջոցներով, իսկ 15-ը՝ Երևանի էներգաարդյունավետության ծրագրով:

Ծրագրում ընդգրկված մանկապարտեզներն, ի դեպ, կառուցման օրից ի վեր երբևէ չեն հիմնանորոգվել: Նորոգվածները լուսավոր են, գունագեղ ու հարմարավետ խմբասենյակներով, ընդարձակ դահլիճով ու մարզասրահով: Հիմնանորոգման ծրագրով կարգի են բերվում տանիքները, փոխվում են դռներն ու պատուհանները, ջրահեռացման համակարգերը, ներքին հաղորդալարերը, կառուցվում են երեխաների համար առավել հարմարավետ սանհանգույցներ։ Իրականացվում են նաև սեյսմիկ ամրացման ու ջերմամեկուսացման աշխատանքներ:

Person Image
29.12.2020

2020թ. հիմնանորոգվեց 12 մանկապարտեզ

Նոր Նորքի հ. 99 մանկապարտեզը բացվել է 1967թվականին. թաղամասում այն առաջինն էր: Շահագործման օրից կրթօջախը չէր հիմնանորոգվել: Երևանի քաղաքապետարանի 2020 թվականի ծրագրով շենքն ամբողջությամբ նորոգվեց: 

Ընդհանուր առմամբ այս տարի հիմնանորոգվեց մայրաքաղաքի 12 մանկապարտեզ: Աշխատանքների մեծ մասն ավարտված է:
«Նյութատեխնիկական բազայի ապահովումը ցանկացած դեպքում հարմարավետ միջավայր է ստեղծում երեխաների և մանկավարժների համար, որպեսզի ողջ ներուժն ուղղի բովանդակային աշխատանքի կազմակերպմանը»,-նշում է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի ժ/պ Կարեն Սարգսյանը:
Հիմնանորոգման ծրագրի իրագործման շնորհիվ, ի թիվս այլոց, լուծվեց մանկապարտեզների տանիքներից մշտական կաթոցի խնդիրը. հարթ տանիքների փոխարեն կառուցվեցին թեք ու թիթեղյա տանիքներ: Առաջին անգամ, որպես պարտադիր պահանջ, մանկապարտեզների շենքերը ջերմամեկուսացվեցին: Գազի ու հոսանքի խնայողությունը կզգացվի արդեն առաջին ամսից
«10 սմ մեկուսիչ շերտ է արված, վրայից՝ 2-3 սմ ցեմենտավազե շերտ, ինչը կապահովի արդյունավետ ջերամեկուսացում»,-նշում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը:
Էներգախնայողության բաղադրիչը ներկա է նաև շենքի ներսում: Խմբասենյակներն ու միջանցքները լուսավորվում են էներգախնայող՝ լուսադիոդային լուսատուներով:
Շինարարության ամբողջ ընթացքն ու որակը քաղաքապետի անմիջական հսկողության տակ էր. ոչ մի շեղում չափորոշիչներից: Հիմնանորոգման ընթացքում լուծվեց ևս մեկ կարևոր խնդիր՝ փոխվեցին մանկապարտեզների ջրահեռացման համակարգերը, կառուցվեցին նոր սանհանգույցներ: Առանձնակի ուշադրություն դարձվեց խոհանոցներին: Կառուցվեցին օդափոխության նոր համակարգեր, իսկ գույքը կթարմացվի շուտով:
Բոլոր մանկապարտեզներում տեղադրված են հակահրդեհային և անվտանգության հատուկ համակարգեր: Հիմնանորոգումից հետո որոշ մանկապարտեզների տարածքն ընդլայնվեց, փակ դռներն էլ բացվեցին, ինչը հնարավորություն կտա, որ ավելի մեծ թվով երեխաներ հաճախեն:
2020թ. մեկնարկեց նաև Երևանի էներգաարդյունավետության ծրագիրը: Հիմնանորոգվող 15 մանկապարտեզից երկուսում աշխատանքներն արդեն մեկնարկել են: Մի շարք նախակրթարաններում էլ էներգաարդյունավետության առանձին միջոցառումներ կարվեն:
Ծրագիրը համաֆինանսավորում են Եվրոպական ներդրումային բանկը, էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի հարցերով Եվրոպայի արևելյան գործընկերության նախագիծը և Կլիմայի կանաչ հիմնադրամը:
Համայնքն իր փոքրիկ բնակիչների առջև ստանձնել է պարտավորություն՝ ապահովել նոր ու որակյալ կրթություն, որի առաջին քայլը կրթարանի պայմանները բարելավելն է:

Person Image
25.09.2020

Մեկնարկում է Երևանի էներգաարդյունավետության ծրագիրը. ստորագրվել է երկու մանկապարտեզների հիմնանորոգման պայմանագիրը

Երևանի էներգաարդյունավետության ծրագրով քաղաքապետ Հայկ Մարությանը մրցույթում հաղթած կապալառու կազմակերպության հետ ստորագրել է հ. 36 և 49 մանկապարտեզների հիմնանորոգման պայմանագիրը՝ այդպիսով իսկ ազդարարելով ծրագրի մեկնարկը: Մանկապարտեզներում կիրականացվի էներգաարդյունավետության, սեյսմակայունության և սանիտարական չափորոշիչների բարելավում: Շենքերը կհարմարեցվեն և մատչելի կդառնան տեղաշարժման սահմանափակ հնարավորություններով անձանց համար: Երևանի էներգաարդյունավետության ծրագրով կհիմնանորոգվի 15 մանկապարտեզ, մի շարք նախակրթարաններում էլ կիրականացվեն էներգաարդյունավետության միջոցառումներ:

Երևանի էներգաարդյունավետության ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 15 միլիոն եվրո է: Այն ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) կողմից՝ 7 միլիոն եվրովարկ, Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջական միջավայրի գործընկերության հիմնադրամի (E5P) կողմից՝ 5 միլիոն եվրո ներդրումային դրամաշնորհ, Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից (ՄԱԿԶԾ միջոցով)՝ 1 միլիոն եվրո տեխնիկական աջակցության դրամաշնորհ և Երևանի քաղաքապետարանի կողմից՝ 2 միլիոն եվրո համաֆինանսավորում, ինչպես նաև առկա են տեխնիկական օժանդակության հավելյալ դրամաշնորհներ՝ ԵՄ համայնքային ծրագրերի աջակցության կառույցից (250, 000 եվրո), Արևելյան գործընկերության տեխնիկական աջակցության հավատարմագրային հիմնադրամից (250, 000 եվրո) և ԵՆԲ ներքին միջոցներից (50 000 եվրո):

Person Image
16.09.2020

Երևանի մանկապարտեզները վերսկսել են աշխատանքը

Սեպտեմբերի 15-ին համայնքային ենթակայության 161 մանկապարտեզ է հաճախել 7075 երեխա: Սահմանված առաջնահերթությամբ՝ երեխային նախակրթարան բերելու ցանկություն էր հայտնել ավելի քան 11 500 հազար ծնող: 

Մանակապարտեզներ մուտքն ու կրթական գործընթացը կազմակերպվում են սահմանված կանոններով:

Person Image
14.09.2020

Նոր ուսումնական տարին՝ նոր պայմաններով

Քանի դեռ կորոնավիրուսային հիվանդությունն ամբողջությամբ չի նահանջել` նոր ուսումնական տարում դպրոցներն ու մանկապարտեզները կգործեն հատուկ կանոններով: Առաջին դասարանցի, թե բարձր. բոլորը դպրոց պետք է գան դիմակով: 

Դպրոցների բակերում և մուտքի մոտ գծանշումը երեխաներին կօգնի պահպանել պատշաճ հեռավորություն:

Դպրոցներն այս տարի կգործեն 6-օրյա: 20-ից ավելի աշակերտ ունեցող դասարանները կկիսվեն: Ամեն սեղանի մոտ կնստի 1 աշակերտ:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ մանկապարտեզ կհաճախեն սահմանափակ թվով երեխաներ: Յուրաքանչյուր խմբում կլինի առավելագույնը 12 հոգի, որոնք, ի դեպ, մանկապարտեզ էին հաճախել դեռ նախորդ ուսումնական տարվանից: Առաջնահերթությունը տրվել է աշխատող ծնողների 5-6 տարեկան երեխաներին, առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողի երեխային և տվյալ հաստատության աշխատակցի երեխային: Հերթագրված երեխաների ընդունելությունը ժամանակավորապես կասեցված է:
Կրթօջախներում նոր ու անսովոր պայմանները երեխաների առողջապահական անվտանգության և կրթության ապահովման համար են, սակայն կարևոր է նաև ընտանիքի դերը: Դպրոցում, մանկապարտեզում, ինչպես նաև տանը երեխաները պարտադիր կերպով պետք է ջերմաչափվեն: 37 և ավելի բարձր ջերմաստիճանի առկայության պարագայում հաստատություն հաճախելն արգելվում է: