ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Person Image
05.06.2019

Երևանի համայնքային ենթակայության մանկապարտեզների բուժքույրերը վերապատրաստվել են

Երևանի քաղաքապետարանը «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության և Երևանի հենակետային բժշկական քոլեջի հետ համագործակցությամբ անցկացրել է «Առաջին բուժօգնության հիմունքներ» դասընթացը, որին մասնակցել են քաղաքապետարանի ենթակայության 161 մանկապարտեզի բուժքույրեր: 

Նախաձեռնության գլխավոր նպատակը երեխաների առողջության պահպանումն ու ամրապնդումն է:
Վերապաստրաստման ընթացքում մասնակիցներն ստացել են ոչ միայն տեսական, այլև գործնական գիտելիքներ՝ նախադպրոցական տարբեր տարիքի երեխաներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Բուժքույրերը ծանոթացել են նաև մասնագիտական նոր եղանակների և հմտությունների կիրառմանը: 
Ծրագիրն ամփոփվել է քաղաքապետարանում հրավիրված հանդիպմանը, որին ներկա են եղել փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը և «Վորլդ Վիժն Հայաստան» ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանը:
Դասընթացների բոլոր մասնակիցներն ստացել են առողջապահության նախարարության վկայագրեր և մասնակցության հավաստագրեր: Մանկապարտեզներին տրամադրվել են նաև ուսուցողական նյութեր: 
Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանն, ընդգծելով ծրագրի կարևորությունը, նկատել է, որ ձեռք բերված գիտելիքները կծառայեն առողջ սերնդի կրթմանը:
Հաշվի առնելով մեծ թվով երեխաների հետ ամենօրյա աշխատանքը՝ դասընթացների մասնակիցներն իրենց հերթին նշել են, որ վերապատրաստումը եղել է հետաքրքիր և իրապես արդյունավետ:

Person Image
29.04.2019

«Արևամանուկ» մանկապարտեզն իր դռներն է բացել նուբարաշենցի 132 երեխաների առաջ

Նուբարաշեն վարչական շրջանում 132 երեխաների առաջ իր դռներն է բացել նոր մանկապարտեզը: «Արևամանուկ»-ը կառուցվել է բացառապես համայնքային միջոցներով:

Բացման հանդիսավոր արարողության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վստահեցրել է, որ նախակրթության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը լինելու են շարունակական:
«Քաղաքի կառավարումն ստանձնելու օրվանից ի վեր մենք փորձում ենք բարելավել նախակրթական հաստատությունների պայմանները, ավարտին են հասցվում նախկինում սկսված վերանորոգման աշխատանքները, նորերը սպասում են իրենց հերթին: Մենք արդեն մաս առ մաս ազատում ենք մանկապարտեզների տարածքները տարիներ շարունակ այնտեղ հաստատված, երբեմն անհասկանալի կազմակերպություններից՝ տեղ բացելով մեր երեխաների համար: Դրա շնորհիվ արդեն այս տարի 1000 երեխա ավելի կհաճախի մանկապարտեզ: Մենք նաև հստակեցրել ենք մանկապարտեզի հերթագրման կարգը և ներդրել ենք հերթագրման առցանց համակարգ, որը գործնականում բացառում է ծանոթ-բարեկամով կամ այլ զարտուղի միջոցներով երեխային մանկապարտեզում «տեղավորելու» հնարավորությունը: Մենք նաև շուրջ 20 տոկոսով ավելացրել ենք մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը: Իհարկե, սրանք դեռ առաջին քայլերն են՝ նախակրթության ոլորտում մեր ուզած արդյունքներին հասնելու համար, բայց ես վստահ եմ, որ գնում ենք ճիշտ ուղղությամբ»,- ընդգծել է քաղաքապետը:
Շնորհավորելով Նուբարաշենի բնակիչներին մանկապարտեզի բացման առթիվ՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել կառույցի շինարարությանը մասնակցած անձանց՝ որոշումը կայացնողներին, նախագծողներին, շինարարներին, մանկավարժներին ու անձնակազմին:
«Արևամանուկ»-ը թվով երկրորդ մանկապարտեզն է վարչական շրջանում: Ծնողների խոսքով՝ նախաձեռնությունն անչափ սպասված էր և հրատապ՝ իրագործման տեսակետից:
Մանկապարտեզում կգործի չորս խումբ: Երևանի քաղաքապետը շրջել է խմբասենյակներում, ծանոթացել երեխաների կրթության ու դաստիարակության համար ստեղծված պայմաններին, զրուցել փոքրիկների հետ:

Person Image
18.04.2019

Արդեն այսօրվանից հնարավոր է մանկապարտեզում երեխային հերթագրել առցանց

Մանկապարտեզում երեխաների առցանց հերթագրումը mankapartez.yerevan.am կայքի նոր հնարավորությունն է, որը թույլ է տալիս ծնողներին տնից, աշխատավայրից կամ ցանկացած այլ վայրից առցանց հերթագրել երեխային Երևանի քաղաքապետարանի ցանկացած մանկապարտեզում: 

«Ունենալով ցանկացած սարք, որով կարելի է մուտք գործել համացանց` հեռախոս, պլանշետ, թե համակարգիչ, մեր քաղաքացին ունենում է հնարավորություն գրանցելու երեխային մանկապարտեզում: Գործընթացը ձեզնից կարող է խլել 3-4 րոպե: Քաղաքային իշխանությունը սրանով ևս մեկ քայլ է անում՝ հեշտացնելու մեր քաղաքացիների առօրյան»,-ընդգծում է քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:
«Երբ հերթագրման գործընթացը փակ էր, և դրանք տեղի էին ունենում չակերտավոր ետնաբեմում, հազարավոր քաղաքացիներ տեղեկություն չէին ունենում, թե ինչպես է կատարվում հերթագրման գործընթացը, ովքեր են այն մարդիկ, որոնք օգտվում են արտոնություններից, իրենց երեխայի հերթը երբ է հասնելու: Այս առումով քաղաքապետի կողմից կար հստակ ցուցում. գտնել ճանապարհներ՝ գործընթացն առավելագույնս թափանցիկ դարձնելու համար»,- ընդգծում է քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:
Մանկապարտեզում հերթագրման առցանց դիմում ուղարկելու համար անհրաժեշտ է նախ գրանցվել կայքում` ներկայացնելով էլեկտրոնային հասցե և բջջային հեռախոս, որին ուղարկվելու է գրանցումը հաստատող կարճ հաղորդագրություն: Օգտագործելով Ձեր գաղտնաբառը՝ կարող եք արդեն որպես օգտատեր սկսել հերթագրումը:
«Առցանց հերթագրման համար անհրաժեշտ է մուտքագրել երեք տվյալ՝ երեխայի ծննդյան վկայականի հերթական համարն ու սերիան, տրման ամսաթիվը, նաև երեխայի ծննդյան ամիս-ամսաթիվը: Կատարվում է ստուգում, որից հետո անհրաժեշտ է ընտրել մանկապարտեզն ու կցել ծնողի անձնագրի, երեխայի ծննդյան վկայականի պատճենները և հաշվառումը վկայող փաստաթղթի պատճենները, որոնք կարելի է լուսանկարել հեռախոսով»,-նշում է «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ ծրագրի ղեկավար Սոնա Մանուկյանը:
«Հայտն ուղարկվում է մեր կենտրոն և աշխատանքային 2 օրվա ընթացքում այն հաստատվում է: Եթե առաջանում են հարցեր, ապա հետադարձ կապով ճշտվում են քաղաքացիների հետ: Այստեղ ամենակարևոր գաղափարն ի՞նչն է՝ ծնողն աշխատանքային 2 օր անց տեսնում է իր երեխայի անունով արդեն հերթական համարը: Այն ծնողը, որը մուտք է գործել իր տվյալներով, միայն ինքն է տեսնում իր երեխայի անուն-ազգանունը. մնացած բոլոր երեխաների տվյալները թաքցված են: Միայն հերթական համարն է: Ավելի թափանցիկ մեթոդ երբևէ չի եղել»,-նշում է Սերգեյ Հարությունյանը:
Երեխայի հերթի մասին տեղեկատվությունը կստանաք զանգի, էլեկտրոնային փոստի կամ ծրագրում ներառված մյուս գործիքների միջոցով: 
Հերթագրման գործում Ձեզ կօգնի կայքի ուղեցույցը, նաև՝ կից տեսահոլովակը: 
Ո՞ր տարիքից է կատարվում հերթագրումը, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ և հաճախ տրվող այլ հարցերի պատասխանները ևս կգտնեք mankapartez.yerevan.am կայքում: Այստեղ կարելի է տեղեկատվություն ստանալ նաև հերթագրված երեխաների թվի մասին: 
Թեպետ առցանց գրանցումը կհեշտացնի քաղաքացիների հոգսն ու կխնայի նրանց ժամանակը, քաղաքապետարանի գլխավոր նպատակն է՝ վերջնականապես լուծել խնդիրը, չունենալ մանկապարտեզներում հերթեր և ստեղծել հավասար հնարավորություններ բոլոր երեխաների համար:
«Սա ժամանակատար աշխատանք է, բայց ուզում եմ վստահեցնել, որ Երևանի քաղաքային իշխանության ուշադրության կենտրոնում է և կարևորագույն հարցերից մեկն է, որը մենք վերցրել ենք պարտավորություն տանելու վերջնական լուծման: Այս համալիր ծրագիրն իրականացվում է, որպեսզի մեր քաղաքացիների մոտ վերականգնվի քաղաքային իշխանության հանդեպ վստահությունը»,-ընդգծում է քաղաքապետի տեղակալը:

Person Image
09.04.2019

Վերապատրաստման դասընթացներ՝ համայնքային մանկապարտեզների բուժքույրերի համար

Երևանի քաղաքապետարանը «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության և «Երևանի հենակետային բժշկական քոլեջ» ՓԲԸ-ի հետ համագործակցությամբ կազմակերպել է մանկապարտեզների բուժքույրերի վերապատրաստման դասընթացներ: Հերթական դասընթացին ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը: 

«Մենք գիտենք, որ գործ ունենք ամենազգայուն խմբի՝ երեխաների հետ և ձեր մասնագիտական որակների թարմացումն ու կատարելագործումը պետք է լինի ամենօրյա: Ես խնդրում եմ այս դասընթացների ժամանակ առավելագույնը վերցնել, ինչ տալիս են ձեզ, որպեսզի այն անվտանգությունը, որը մենք ուզում ենք տեսնել մեր մանկապարտեզներում, կարողանանք ունենալ»,- նշել է փոխքաղաքապետը: 
«Առաջին բուժօգնության հիմունքներ» դասընթացի ավարտին համայնքային բոլոր 160 մանկապարտեզների բուժքույրերը կստանան տեսական և գործնական գիտելիքներ՝ նախադպրոցական տարբեր տարիքի երեխաներին առաջին օգնություն ցուցաբերելու առանձնահատկությունների վերաբերյալ: 
Շնորհակալություն հայտնելով գործընկեր կառույցներին ՝ փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը նշում է. քաղաքապետարանը կարևորում է նմանատիպ ցանկացած նախաձեռնություն և պատրաստ է իր լիազորությունների շրջանակում աջակցել դրանց կյանքի կոչմանը: 
«Ծնողը, որ երեխային բերում է մանկապարտեզ, իր երեխայի անվտանգության առաջին երաշխավորը դուք եք, որովհետև նրանք վստահում են ձեզ: Սա մեր նախադպրոցական կրթության համար շատ կարևոր օղակ և շատ կարևոր տարր է, և ես կցանկանայի, որ վերապատրաստման այս դասընթացի ընթացքում ձեռք բերված գիտելիքները երբեք կիրառելու առիթ չունենայինք, բայց եթե անհրաժեշտություն լինի, կիրառեք և պատվով դուրս գաք մարտահրավերից»,- ասում է Տիգրան Վիրաբյանը: 
Ապրիլի 2-ից մեկնարկած դասընթացները կշարունակվեն մինչև մայիսի 10-ը:

Person Image
31.01.2019

Թափանցիկ ու հասանելի. գործարկվում է mankapartez.yerevan.am. կայքը

mankapartez.yerevan.am. Երևանի քաղաքապետարանը գործարկում է երեխաների հերթագրման գործընթացն առավել թափանցիկ ու քաղաքացիների համար առավել հասանելի դարձնող կայքը: 
«Էլ ավելի հասանելի դառնալ հանրությանը, մեր քաղաքացիներին, լինել բաց և թափանցիկ աշխատանքի մեջ: Կայքի գործարկումն, ինձ թվում է, շատ մեծ արձագանք կունենա մեր սիրելի ծնողների մոտ, ովքեր սպասում են իրենց բալիկների հերթի հասնելուն»,- նշել է փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը: 
«Առաջնային և կարևորագույն քայլը թափանցիկությունն է, որպեսզի մեր համաքաղաքացիները հնարավորություն ունենան գործընթացին հետևելու առցանց և այն բոլոր կասկածները փարատվեն, որ հերթագրման գործընթացում տեղի են ունենում արհեստական խոչընդոտներ, հերթագրման գործընթացներում ներգրավվում են մարդիկ, որոնք, դուրս գալով իրենց ազգանուններից, մականուններից, հեղինակությունից, հնարավորություն են ունենում ազդելու գործընթացի վրա և իրենց երեխային փորձում են ավելի հարմար դիրքում տեղադրել և շուտ ընդունել մանկապարտեզ»,- նշել է փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը: 
160 մանկապարտեզ, 948 խումբ, նախակրթարան հաճախող 29 823, հերթագրված՝ 8285 երեխա: Բոլոր տվյալները տեղ են գտել կայքում և մատչելի են բոլորին: 
Մանկապարտեզների կառավարման այս համակարգն ստեղծելիս հատուկ ուշադրություն է դարձվել երեխաների անձնական տվյալների գաղտնիության ապահովմանը: 
«Կայքը հանրայնացնելով՝ որևէ երեխայի իրավունք չի խախտվում և սա նույնպես շատ կարևոր գործընթաց է, որ մենք կարողացանք անել: Ցանկացած լավ գործ և հանրային հնչեղության գործ անելիս մենք պետք է նաև իրավական մասը պահենք աշխատանքի»,- նշել է Տիգրան Վիրաբյանը:
«Էլեկտրոնային այս դարում, որտեղ շատ դժվար է անձնական տվյալները գաղտնի պահելը, լուրջ աշխատանքներ են տարվել, որպեսզի տվյալները չհրապարակվեն»,- նշել է Սերգեյ Հարությունյանը: 
Իրենց երեխաների հերթին սպասող ծնողները, որոնք այսուհետ անձամբ կհետևեն համակարգի ողջ ընթացքին, գործ կունենան միայն իրենց անձնական տվյալների հետ:
Իսկ, ի՞նչ է պետք՝ համակարգ մուտք գործելու համար: 
«Անհրաժեշտ է ընտրել մանկապարտեզը, նշում ենք երեխայի ծննդյան ամիս-ամսաթիվը և երեխայի անձը հաստատող փաստաթղթի համարը, որը ծնողը ներկայացրել է մանկապարտեզ՝ գրանցելիս: Այստեղ մենք արդեն տեսնում ենք, թե տվյալ մանկապարտեզում, տվյալ տարիքային խմբում քանի երեխա կա հերթագրված, տեսնում ենք, ի դեպ, միայն այդ երեխայի տվյալը և թե այդ երեխան որ հերթում է»,- նշել է նորարարական համակարգերի նախագծման և զարգացման բաժնի պետ Իզաբելլա Նիկողոսյանը:
Մասնագետները նշում են. արվել է հնարավորը՝ համակարգը մատչելի դարձնելու համար: Պարզապես հարկավոր է հետևել համապատասխան հրահանգներին:
«Սա ծանոթություն է, որը մանրամասն ներկայացնում է, թե ինչ են դաշտերն իրենցից ներկայացնում: Մեզ մոտ գույները չորսն են. կանաչը և կապույտը նշանակում են, որ երեխան համապատասխանում է իր տարիքային խմբին, կարմիրը՝ որ չի համապատասխանում, իսկ նարնջագույնը՝ որ երեխան արտահերթությամբ կարող է ընդունվել պարտեզ»,- նշել է Իզաբելլա Նիկողոսյանը:
Արտահերթ ընդունվող երեխաների ցանկը սահմանվել է Երևանի քաղաքապետի 2011թ. համապատասխան որոշմամբ, որը ևս առկա է կայքում՝ հղման միջոցով:  Արտոնությունների ցանկում ընդգրկված են մի շարք խմբեր:
Քաղաքապետի որոշումը տարածվում է ազատամարտիկ ծնող, զոհված ազատամարտիկի ընտանիքի անդամ, ՀՀ ԶՈՒ-ում պարտադիր ժամկետային կամ պայմանագրային զինծառայող ծնողներ ունեցող, զոհված զինծառայողի, երկկողմանի ծնողազուրկ, սիրիահայ, բազմազավակ ընտանիքների երեխաների վրա և այլն: 
Կայքը գործարկելուց որոշ ժամանակ անց հանրությանը մատչելի կդառնա նաև առցանց հերթագրման հնարավորությունը, որն այժմ մշակման փուլում է:  
«Մեր ծնողները, որոնք ցանկանում են իրենց երեխաներին հերթագրել, իրենք այլևս կարիք չեն ունենա բնակարանից դուրս գալ՝ գործառույթը կատարելու համար»,- նշել է Սերգեյ Հարությունյանը: 
«Չեմ բացառում, որ կարող են ներքին օղակներում լինել խնդիրներ: Ես ուղղակի խնդրում և կոչ եմ անում մեր հասարակությանը, մեր սիրելի երևանցիներին. ցանկացած դեպք, երբ կնկատեն, որ հերթագրումը խախտվում է, ոտնահարվում են իրենց իրավունքները, այլ մեխանիզմներով, զարտուղի ճանապարհներով մարդիկ փորձում են իրենց երեխաներին տեղավորել մանկապարտեզներում՝ միանշանակ դիմեն Երևանի քաղաքապետարան: Ցանկացած ահազանգ խորությամբ ուսումնասիրվելու է, մեղավորները պատժվելու են և վերականգնվելու է իրենց իրավունքը»,- ընդգծել է Տիգրան Վիրաբյանը: