Մեզ արդեն օգնել են 11,215 մարդ 185,572,905 դրամ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Person Image
09.06.2014

Դպրոցական առաջին պայուսակները՝ Երևանի քաղաքապետարանից

Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում մեկնարկել են ավագ խմբերի ավարտական-ամփոփիչ հանդեսները, որոնք յուրօրինակ հաշվետվություն են ծնողներին, թե ինչ են սովորել երեխաները նախադպրոցահան ուսումնական դասընթացներում։ Հանդեսներին ծնողներից բացի ներկա են լինում նաև Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության, ինչպես նաև վարչական շրջանների աշխատակազմերի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի աշխատակիցները։

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներն ավարտող բոլոր երեխաները ամփոփիչ հանդեսի ավարտին քաղաքապետարանից դպրոցական պայուսակներ են նվեր ստանում։ 
Այս տարի մանկապարտեզից դպրոց է գնալու շուրջ 8800 երեխա։

Person Image
28.09.2013

Հիմնանորոգվել է Նորք-Մարաշ վարչական շրջանի թիվ 124 մանկապարտեզը

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը այցելել է Նորք-Մարաշ վարչական շրջանի թիվ 124 մանկապարտեզ: Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2013թ. ծրագրերով ամբողջությամբ հիմնանորոգվել է նաև այս նախակրթարանը:

Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի և մանկապարտեզի տնօրենի ուղեկցությամբ Կամո Արեյանը շրջել է խմբասենյակներում և ծանոթացել կատարված աշխատանքներին: 1957թ. կառուցված մանկապարտեզը հիմնանորոգվել է առաջին անգամ:

Շուրջ 60 փոքրիկների դաստիարակության ու խնամքի համար այսօր ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները: Հիմնանորոգման աշխատանքներին զուգահեռ, թարմացվել է նաև մանկապարտեզի գույքը: Մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներն ու աշխատակիցները, օգտվելով առիթից, շնորհակալություն են հայտնել քաղաքապետարանի կողմից նախակրթարաններին ցուցաբերվող մշտական ուշադրության համար:

Ընդհանուր առմամբ, Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2013թ. ծրագրերի շրջանակում այս տարի ընդգրկված են շուրջ 28 մանկապարտեզների հիմնանորոգման ու մասնակի նորոգման աշխատանքներ:

Person Image
04.06.2013

2013 թվականին անհրաժեշտ գույքով կհամալրվեն Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր մանկապարտեզները

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ՝ դեռևս 2012 թվականի աշնանը գույքագրվել է մանկապարտեզների հնամաշ կամ պակասող գույքը, ինչի արդյունքում կազմվել է անհրաժեշտ գույքի տեսականու ու քանակի ցանկը։ 
Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի խոսքով՝ մանկապարտեզները գույքով համալրելու 2013 թվականի ծրագիրն աննախադեպ է. ներառված են բոլոր մանկապարտեզները և ցուցակագրած գույքը ստանալու են ամբողջությամբ։ 2013 թվականի՝ մանկապարտեզները նոր գույքով ապահովելու համալիր ծրագրում ներառված է էլեկտրական տեխնիկա՝ սալօջախ, սառցախցիկ, սառնարան, մսաղաց, թե՛ կրտսեր ու թե՛ ավագ տարիքային խմբերի համար՝ կոշտ կահույք՝ 2313 սեղան և 10.000 աթոռակներ և այլն։ 
Եռահարկ մահճակալների նախատեսված 1859 հատից 1150-ն արդեն մանկապարտեզներում է։ Ամբողջությամբ բաշխվել են զգեստապահարանների խմբաքանակը՝ 1253 հատ և խոհանոցային պարագաները. մասնավորապես՝ 1894 հատ տարբեր տարողության արծնապատ կաթսաներն ու թեյնիկները, ինչպես նաև գդալների 274 հավաքածուն՝ յուրաքանչյուրը 12 հատ պարունակությամբ։ 
Մանկապարտեզներին արդեն բաշխվել են նաև բոլոր 88 սառցախցիկները, 101 մսաղացները, ինչպես նաև արդեն ձեռքբերված 94 սալօջախներից 48-ը։

Person Image
08.09.2011

Նվիրատվությունների չափը հատեց 1 միլիարդ դրամի սահմանագիծը

«Օգնիր դպրոցիդ» և «Օգնիր մանկապարտեզիդ» կայքերի գործարկումից 6 ամիս անց նվիրատվությունների չափը գերազանցել է 1 միլիարդ դրամը:

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ մեկնարկած կրթօջախների աջակցության ծրագրի շրջանակում միայն դպրոցների հաշվեհամարներին փոխանցվել է 640 մլն 822 հազար դրամ: Գումարը նվիրաբերել են 1216 անհատներ և կազմակերպություններ: Ֆինանսական ամենամեծ նվիրատվությունները կատարվել են Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի համար` 500 մլն, 71 դպրոցին` 74 մլն և 53 դպրոցին 10 մլն դրամ:

«Օգնիր մանկապարտեզիդ» կայքի շնորհիվ, կամավոր բարեգործությամբ, մայրաքաղաքի տարբեր մանկապարտեզներին ավելի քան 2000 մարդկանց և կազմակերպությունների անունից նվիրաբերվել է 369 մլն 772 հազար դրամ, որից ավելի քան 283 մլն 693 հազար դրամը փոխանցվել է Երևանի թիվ 141 մանկապարտեզի կարիքները հոգալու նպատակով, 67 մլն 340 հազարը` 147 և 2 մլն 933 հազար դրամ էլ թիվ 90 մանկապարտեզի հաշվեհամարին: