ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Person Image
04.06.2013

2013 թվականին անհրաժեշտ գույքով կհամալրվեն Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր մանկապարտեզները

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ՝ դեռևս 2012 թվականի աշնանը գույքագրվել է մանկապարտեզների հնամաշ կամ պակասող գույքը, ինչի արդյունքում կազմվել է անհրաժեշտ գույքի տեսականու ու քանակի ցանկը։ 
Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի խոսքով՝ մանկապարտեզները գույքով համալրելու 2013 թվականի ծրագիրն աննախադեպ է. ներառված են բոլոր մանկապարտեզները և ցուցակագրած գույքը ստանալու են ամբողջությամբ։ 2013 թվականի՝ մանկապարտեզները նոր գույքով ապահովելու համալիր ծրագրում ներառված է էլեկտրական տեխնիկա՝ սալօջախ, սառցախցիկ, սառնարան, մսաղաց, թե՛ կրտսեր ու թե՛ ավագ տարիքային խմբերի համար՝ կոշտ կահույք՝ 2313 սեղան և 10.000 աթոռակներ և այլն։ 
Եռահարկ մահճակալների նախատեսված 1859 հատից 1150-ն արդեն մանկապարտեզներում է։ Ամբողջությամբ բաշխվել են զգեստապահարանների խմբաքանակը՝ 1253 հատ և խոհանոցային պարագաները. մասնավորապես՝ 1894 հատ տարբեր տարողության արծնապատ կաթսաներն ու թեյնիկները, ինչպես նաև գդալների 274 հավաքածուն՝ յուրաքանչյուրը 12 հատ պարունակությամբ։ 
Մանկապարտեզներին արդեն բաշխվել են նաև բոլոր 88 սառցախցիկները, 101 մսաղացները, ինչպես նաև արդեն ձեռքբերված 94 սալօջախներից 48-ը։

Person Image
08.09.2011

Նվիրատվությունների չափը հատեց 1 միլիարդ դրամի սահմանագիծը

«Օգնիր դպրոցիդ» և «Օգնիր մանկապարտեզիդ» կայքերի գործարկումից 6 ամիս անց նվիրատվությունների չափը գերազանցել է 1 միլիարդ դրամը:

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ մեկնարկած կրթօջախների աջակցության ծրագրի շրջանակում միայն դպրոցների հաշվեհամարներին փոխանցվել է 640 մլն 822 հազար դրամ: Գումարը նվիրաբերել են 1216 անհատներ և կազմակերպություններ: Ֆինանսական ամենամեծ նվիրատվությունները կատարվել են Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի համար` 500 մլն, 71 դպրոցին` 74 մլն և 53 դպրոցին 10 մլն դրամ:

«Օգնիր մանկապարտեզիդ» կայքի շնորհիվ, կամավոր բարեգործությամբ, մայրաքաղաքի տարբեր մանկապարտեզներին ավելի քան 2000 մարդկանց և կազմակերպությունների անունից նվիրաբերվել է 369 մլն 772 հազար դրամ, որից ավելի քան 283 մլն 693 հազար դրամը փոխանցվել է Երևանի թիվ 141 մանկապարտեզի կարիքները հոգալու նպատակով, 67 մլն 340 հազարը` 147 և 2 մլն 933 հազար դրամ էլ թիվ 90 մանկապարտեզի հաշվեհամարին: