ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Person Image
14.01.2020

Երևանի թիվ 92 մանկապարտեզի նախաներառական խմբերը կվերականգնեն աշխատանքը

Համակողմանի քննարկումների արդյունքում որոշվել է, որ Երևանի թիվ 92 մանկապարտեզում գործող երեք նախաներառական խմբերը մի քանի օրվա ընթացքում կվերականգնեն իրենց բնականոն աշխատանքը՝ ֆինանսավորվելով Երևանի համայնքային բյուջեից:

Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Երևան քաղաքի մյուս մանկապարտեզները ևս պատրաստ են ընդունելու հատուկ կարիքներ ունեցող բոլոր խմբերի երեխաներին: Քաղաքապետարանը հնարավորություն է ստեղծելու՝ համընդհանուր ներառականության սկզբունքը կիրառել համայնքային ենթակայության բոլոր մանկապարտեզներում:

Person Image
05.10.2019

Ուսուցչի օրը. Երևան քաղաքի տարվա լավագույն տնօրենը, մանկավարժը և դաստիարակը

Ուսուցչի օրվան նվիրված տոնական միջոցառման ընթացքում հայտնի են դարձել Երևանի տարվա լավագույն տնօրենը, ուսուցիչն ու դաստիարակը: 2019-2020 ուսումնական տարվա արդյունքներով «Երևան քաղաքի տարվա լավագույն տնօրեն» անվանակարգում մրցանակի է արժանացել Երևանի հ.181 հիմնական դպրոցի տնօրեն Լիլիթ Արեյանը, «Երևան քաղաքի տարվա լավագույն ուսուցիչ» անվանակարգում՝ հ.186 հիմնական դպրոցի կենսաբանության ուսուցիչ Գայանե Բուլդոյանը, իսկ «Երևան քաղաքի տարվա լավագույն դաստիարակ» անվանակարգում էլ՝ հ.33 մանկապարտեզի դաստիարակ Աննման Մելքոնյանը:

Ուսուցչի օրվա առթիվ, կրթության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի և ակնառու հաջողությունների համար, ոլորտի մի շարք աշխատակիցներ էլ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով: Պարգևները մանկավարժներին են հանձնել քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետն ու Երևանի ավագանու անդամները:
Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կազմակերպված տոնական միջոցառումն ամփոփվել է թատերական ներկայացմամբ:

Person Image
05.06.2019

Երևանի համայնքային ենթակայության մանկապարտեզների բուժքույրերը վերապատրաստվել են

Երևանի քաղաքապետարանը «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության և Երևանի հենակետային բժշկական քոլեջի հետ համագործակցությամբ անցկացրել է «Առաջին բուժօգնության հիմունքներ» դասընթացը, որին մասնակցել են քաղաքապետարանի ենթակայության 161 մանկապարտեզի բուժքույրեր: 

Նախաձեռնության գլխավոր նպատակը երեխաների առողջության պահպանումն ու ամրապնդումն է:
Վերապաստրաստման ընթացքում մասնակիցներն ստացել են ոչ միայն տեսական, այլև գործնական գիտելիքներ՝ նախադպրոցական տարբեր տարիքի երեխաներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Բուժքույրերը ծանոթացել են նաև մասնագիտական նոր եղանակների և հմտությունների կիրառմանը: 
Ծրագիրն ամփոփվել է քաղաքապետարանում հրավիրված հանդիպմանը, որին ներկա են եղել փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը և «Վորլդ Վիժն Հայաստան» ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանը:
Դասընթացների բոլոր մասնակիցներն ստացել են առողջապահության նախարարության վկայագրեր և մասնակցության հավաստագրեր: Մանկապարտեզներին տրամադրվել են նաև ուսուցողական նյութեր: 
Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանն, ընդգծելով ծրագրի կարևորությունը, նկատել է, որ ձեռք բերված գիտելիքները կծառայեն առողջ սերնդի կրթմանը:
Հաշվի առնելով մեծ թվով երեխաների հետ ամենօրյա աշխատանքը՝ դասընթացների մասնակիցներն իրենց հերթին նշել են, որ վերապատրաստումը եղել է հետաքրքիր և իրապես արդյունավետ:

Person Image
29.04.2019

«Արևամանուկ» մանկապարտեզն իր դռներն է բացել նուբարաշենցի 132 երեխաների առաջ

Նուբարաշեն վարչական շրջանում 132 երեխաների առաջ իր դռներն է բացել նոր մանկապարտեզը: «Արևամանուկ»-ը կառուցվել է բացառապես համայնքային միջոցներով:

Բացման հանդիսավոր արարողության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վստահեցրել է, որ նախակրթության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը լինելու են շարունակական:
«Քաղաքի կառավարումն ստանձնելու օրվանից ի վեր մենք փորձում ենք բարելավել նախակրթական հաստատությունների պայմանները, ավարտին են հասցվում նախկինում սկսված վերանորոգման աշխատանքները, նորերը սպասում են իրենց հերթին: Մենք արդեն մաս առ մաս ազատում ենք մանկապարտեզների տարածքները տարիներ շարունակ այնտեղ հաստատված, երբեմն անհասկանալի կազմակերպություններից՝ տեղ բացելով մեր երեխաների համար: Դրա շնորհիվ արդեն այս տարի 1000 երեխա ավելի կհաճախի մանկապարտեզ: Մենք նաև հստակեցրել ենք մանկապարտեզի հերթագրման կարգը և ներդրել ենք հերթագրման առցանց համակարգ, որը գործնականում բացառում է ծանոթ-բարեկամով կամ այլ զարտուղի միջոցներով երեխային մանկապարտեզում «տեղավորելու» հնարավորությունը: Մենք նաև շուրջ 20 տոկոսով ավելացրել ենք մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը: Իհարկե, սրանք դեռ առաջին քայլերն են՝ նախակրթության ոլորտում մեր ուզած արդյունքներին հասնելու համար, բայց ես վստահ եմ, որ գնում ենք ճիշտ ուղղությամբ»,- ընդգծել է քաղաքապետը:
Շնորհավորելով Նուբարաշենի բնակիչներին մանկապարտեզի բացման առթիվ՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել կառույցի շինարարությանը մասնակցած անձանց՝ որոշումը կայացնողներին, նախագծողներին, շինարարներին, մանկավարժներին ու անձնակազմին:
«Արևամանուկ»-ը թվով երկրորդ մանկապարտեզն է վարչական շրջանում: Ծնողների խոսքով՝ նախաձեռնությունն անչափ սպասված էր և հրատապ՝ իրագործման տեսակետից:
Մանկապարտեզում կգործի չորս խումբ: Երևանի քաղաքապետը շրջել է խմբասենյակներում, ծանոթացել երեխաների կրթության ու դաստիարակության համար ստեղծված պայմաններին, զրուցել փոքրիկների հետ:

Person Image
18.04.2019

Արդեն այսօրվանից հնարավոր է մանկապարտեզում երեխային հերթագրել առցանց

Մանկապարտեզում երեխաների առցանց հերթագրումը mankapartez.yerevan.am կայքի նոր հնարավորությունն է, որը թույլ է տալիս ծնողներին տնից, աշխատավայրից կամ ցանկացած այլ վայրից առցանց հերթագրել երեխային Երևանի քաղաքապետարանի ցանկացած մանկապարտեզում: 

«Ունենալով ցանկացած սարք, որով կարելի է մուտք գործել համացանց` հեռախոս, պլանշետ, թե համակարգիչ, մեր քաղաքացին ունենում է հնարավորություն գրանցելու երեխային մանկապարտեզում: Գործընթացը ձեզնից կարող է խլել 3-4 րոպե: Քաղաքային իշխանությունը սրանով ևս մեկ քայլ է անում՝ հեշտացնելու մեր քաղաքացիների առօրյան»,-ընդգծում է քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:
«Երբ հերթագրման գործընթացը փակ էր, և դրանք տեղի էին ունենում չակերտավոր ետնաբեմում, հազարավոր քաղաքացիներ տեղեկություն չէին ունենում, թե ինչպես է կատարվում հերթագրման գործընթացը, ովքեր են այն մարդիկ, որոնք օգտվում են արտոնություններից, իրենց երեխայի հերթը երբ է հասնելու: Այս առումով քաղաքապետի կողմից կար հստակ ցուցում. գտնել ճանապարհներ՝ գործընթացն առավելագույնս թափանցիկ դարձնելու համար»,- ընդգծում է քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:
Մանկապարտեզում հերթագրման առցանց դիմում ուղարկելու համար անհրաժեշտ է նախ գրանցվել կայքում` ներկայացնելով էլեկտրոնային հասցե և բջջային հեռախոս, որին ուղարկվելու է գրանցումը հաստատող կարճ հաղորդագրություն: Օգտագործելով Ձեր գաղտնաբառը՝ կարող եք արդեն որպես օգտատեր սկսել հերթագրումը:
«Առցանց հերթագրման համար անհրաժեշտ է մուտքագրել երեք տվյալ՝ երեխայի ծննդյան վկայականի հերթական համարն ու սերիան, տրման ամսաթիվը, նաև երեխայի ծննդյան ամիս-ամսաթիվը: Կատարվում է ստուգում, որից հետո անհրաժեշտ է ընտրել մանկապարտեզն ու կցել ծնողի անձնագրի, երեխայի ծննդյան վկայականի պատճենները և հաշվառումը վկայող փաստաթղթի պատճենները, որոնք կարելի է լուսանկարել հեռախոսով»,-նշում է «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ ծրագրի ղեկավար Սոնա Մանուկյանը:
«Հայտն ուղարկվում է մեր կենտրոն և աշխատանքային 2 օրվա ընթացքում այն հաստատվում է: Եթե առաջանում են հարցեր, ապա հետադարձ կապով ճշտվում են քաղաքացիների հետ: Այստեղ ամենակարևոր գաղափարն ի՞նչն է՝ ծնողն աշխատանքային 2 օր անց տեսնում է իր երեխայի անունով արդեն հերթական համարը: Այն ծնողը, որը մուտք է գործել իր տվյալներով, միայն ինքն է տեսնում իր երեխայի անուն-ազգանունը. մնացած բոլոր երեխաների տվյալները թաքցված են: Միայն հերթական համարն է: Ավելի թափանցիկ մեթոդ երբևէ չի եղել»,-նշում է Սերգեյ Հարությունյանը:
Երեխայի հերթի մասին տեղեկատվությունը կստանաք զանգի, էլեկտրոնային փոստի կամ ծրագրում ներառված մյուս գործիքների միջոցով: 
Հերթագրման գործում Ձեզ կօգնի կայքի ուղեցույցը, նաև՝ կից տեսահոլովակը: 
Ո՞ր տարիքից է կատարվում հերթագրումը, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ և հաճախ տրվող այլ հարցերի պատասխանները ևս կգտնեք mankapartez.yerevan.am կայքում: Այստեղ կարելի է տեղեկատվություն ստանալ նաև հերթագրված երեխաների թվի մասին: 
Թեպետ առցանց գրանցումը կհեշտացնի քաղաքացիների հոգսն ու կխնայի նրանց ժամանակը, քաղաքապետարանի գլխավոր նպատակն է՝ վերջնականապես լուծել խնդիրը, չունենալ մանկապարտեզներում հերթեր և ստեղծել հավասար հնարավորություններ բոլոր երեխաների համար:
«Սա ժամանակատար աշխատանք է, բայց ուզում եմ վստահեցնել, որ Երևանի քաղաքային իշխանության ուշադրության կենտրոնում է և կարևորագույն հարցերից մեկն է, որը մենք վերցրել ենք պարտավորություն տանելու վերջնական լուծման: Այս համալիր ծրագիրն իրականացվում է, որպեսզի մեր քաղաքացիների մոտ վերականգնվի քաղաքային իշխանության հանդեպ վստահությունը»,-ընդգծում է քաղաքապետի տեղակալը: