Մեզ արդեն օգնել են 11,215 մարդ 185,572,905 դրամ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Person Image
22.06.2017

Մանկապարտեզն ավարտող երեխաները ստանում են դպրոցական առաջին նվերները

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ շարունակվում է քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներն ավարտող երեխաներին դպրոցական պայուսակներով և գրենական պիտույքներով ապահովելու՝ արդեն ավանդույթ դարձած ծրագիրը: Այն մեկնարկել է հունիսի 15-ին և կտևի մինչև հունիսի 30-ը: Դպրոցական առաջին նվերները երեխաներն ստանում են մանկապարտեզի ավարտական հանդեսների ժամանակ, որոնցից մի քանիսին ներկա է գտնվել և փոքրիկներին բարեմաղթանքի խոսքեր է հղել նաև Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը: Շնորհակալություն հայտնելով մանկապարտեզի տնօրեններին և մանկավարժներին՝ քրտնաջան աշխատանքի համար, Աննա Ստեփանյանը կարևորել է երեխաների կրթության հանդեպ ուշադրությունն ու հետևողական վերաբերմունքը:

«Վստահ եղեք, որ մայրաքաղաքի նախակրթարանները Երևանի քաղաքապետարանի և անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական ուշադրության կենտրոնում են և համոզված եմ, որ այդ ուշադրության արդյունքը բոլորիդ է տեսանելի: Հուսով եմ, որ մեր այս փոքրիկները, ովքեր վաղն արդեն դպրոց կգնան, շատ լավ կսովորեն ու կավելացնեն գիտելիքների այն պաշարը, որը ստացել են մանկապարտեզներում»,- նշել է Աննա Ստեփանյանը:
Հիշեցնենք, որ այս տարի ևս մանկապարտեզն ավարտող երեխաներին տրմադրվում են շուրջ 10000 պայուսակներ՝ 16 անուն դպրոցական պարագաներով:

Person Image
01.06.2017

Հունիսի 1-ը՝ Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումների շրջանակում Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում հյուրընկալվել են «Հավատ» վատ լսող երեխաների մայրերի հասարակական կազմակերպության շահառու երեխաները: 

Գրադարանում երեխաները նախ շրջել և ծանոթացել են գրադարանային առօրյային ու գրքերի յուրօրինակ աշխարհին, ապա մասնակցել հեքիաթների վերաբերյալ խաղ-մրցույթների, ինչպես նաև դիտել մուտլֆիլմեր: Երեխաների հետ հանդիպմանը ներկա Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը շնորհավորել է փոքրիկներին, շփվել նրանց հետ և առիթն օգտագործելով նշել է, որ այս տարի մայրաքաղաքի գրադարանները համալրվել են բազմաթիվ նոր ու հետաքրքիր մանկական գրականությամբ, այդ թվում` հեքիաթների գրքերով: Արամ Սուքիասյանը նաև ընդգծել է, որ հատուկ հոգածության կարիք ունեցող երեխաներն ու նրանց ընտանիքները մշտապես Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են:
Երեխաների ծնողները շնորհակալություն են հայտնել Երևանի քաղաքապետարանին հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ առանձնահատուկ ուշադրության և հոգածության համար:
Միջոցառման ավարտին բոլոր երեխաները Երևանի քաղաքապետարանի կողմից նվերներ են ստացել:

Person Image
01.06.2017

Հունիսմեկյան միջոցառումները մեկնարկել են «Առողջ Երևան» մարզամշակութային տոնահանդեսով

«Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրում ներառված, Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված հունիսմեկյան միջոցառումների շարքը մեկնարկել է Երևանի մանկական զբոսայգում կայացած «Առողջ Երևան» մարզամշակութային տոնահանդեսով: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի կողմից, մայրաքաղաքի մանկապարտեզների սաների մասնակցությամբ ավանդաբար կազմակերպվող այս միջոցառման նպատակը երեխաների շրջանում առողջ ապրելակերպի խթանումն է: Մինչ տոնահանդեսը, բոլոր վարչական շրջաններից ներկայացված մանկապարտեզների միջև կայացած մրցույթի նախնական փուլում արդեն հայտնի էին դարձել եզրափակիչ դուրս եկած թիմերը: Ըստ այդմ, յուրաքանչյուր վարչական շրջանից մեկական մանկապարտեզ մասնակցում էր տոնահանդեսին, որի մրցութային ծրագրում նախատեսված էր փոխանցումավազք՝ փոքր դրոշի փոխանցումով, հեռացատկ տեղից՝ զույգ ոտքերի հրումով, կանգնած դիրքից ծանրացված գնդակի նետում և պարանի ձգում։

Տոնահանդեսի մասնակից բոլոր մանկապարտեզների թիմերը պարգևատրվել են պատվոգրերով, մրցանակներով, գնդակներով և մարզաշապիկներով։ Մանկական ու մարզական շոուն ավարտվել է մանկապարտեզների սաների համերգային ծրագրով։

 

Person Image
27.04.2017

Ընթացիկ տարում Երևանի համայնքային ենթակայության մանկապարտեզները կստանան 8703 միավոր նոր գույք

Երևանի քաղաքապետարանի 2017թ. բյուջեով նախատեսված «Նախադպրոցական ուսուցման կազմակերպման համար գույքի ձեռքբերում» ծրագրով մայրաքաղաքի մանկապարտեզները կստանան 8703 միավոր նոր գույք:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ 2012 թվականից մեկնարկած ծրագրով նախադպրոցական հաստատությունները նորոգվում ու համալրվում են կոշտ գույքով (սեղան, աթոռ, զգեստապահարան, մահճակալ, խոհանոցային սեղաններ և սննդի պահպանման համար նախատեսված պահարաններ), խոհանոցային սպասքով (էմալապատ և ալյումինե կաթսաներ) և կենցաղային տեխնիկայով (սալօջախ, սառնարան): 2012-16թթ. համայնքային ենթակայության մանկապարտեզները համալրվել են 40775 միավոր նոր գույքով:

Person Image
21.01.2017

Այցելություն Ստեփանակերտի դպրոցներ և նուհեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում Ստեփանակերտում գտնվող Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն այցելել է Արցախի մայրաքաղաքի Ավ. Իսահակյանի անվան թիվ 10 միջնակարգ դպրոց, Ե. Չարենցի անվան թիվ 7 և Մ. Մաշտոցի անվան թիվ 4 հիմնական դպրոցներ, ինչպես նաև հ.1 և հ.3 մանկապարտեզներ: 
Երևանցի հյուրերին դպրոցականներն ու փոքրիկ արցախցիները դիմավորել են համերգ-ողջույնով: Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները դպրոցների տնօրենների հետ քննարկել են համագործակցության ընթացիկ ծրագրերը, այնպես նաև՝ 2017թ. նախատեսված միջոցառումները, իսկ նուհերում ներկայացվել են կրթադաստիարակչական գործընթացի կազմակերպման մոտեցումները: 
Ստեփանակերտի վերոնշյալ մանկապարտեզներին և դպրոցներին Երևանի քաղաքապետարանի կողմից նվիրաբերվել են համակարգիչներ, մեթոդական գրականություն, երեխաների տրամաբանությունը զարգացնելու համար նախատեսված խաղեր, գրենական պիտույքներ: