Մեզ արդեն օգնել են 11,215 մարդ 185,572,905 դրամ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Person Image
06.12.2016

Նոր Նորք վարչական շրջանում կազմակերպվել է կրկեսային ծրագիր` ներառական կրթություն ստացող երեխաների համար

Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ Նոր Նորք վարչական շրջանում կազմակերպվել է կրկեսային, ժամանցային ծրագիր՝ «Ժպտա և ջերմացրու աշխարհը» խորագրով: Միջոցառմանը մասնակցել է Նոր Նորք վարչական շրջանի տարածքում գործող դպրոցների և մանկապարտեզների ներառական կրթություն ստացող շուրջ 300 երեխա: Ծրագիրը կազմակերպվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի աջակցությամբ, Նոր Նորքի բնակիչ, ակրոբատ Լիպարիտ Գրիգորյանի նախաձեռնությամբ: Գաղափարի շուրջ համախմբված ուրախ ծաղրածուների, ակրոբատների, խաղավարների, ձեռնածուների, մուլտհերոսների ուշագրավ կատարումները, լուսային ու ժամանակակից շոուն բարձր տրամադրություն ու բազում հաճելի պահեր են պարգևել դահլիճում հավաքված հատուկ կարիքներ ունեցող երեխաներին: Միջոցառման ավարտին մասնակից երեխաներին բաժանվել են նվերներ:

Person Image
06.12.2016

Երևանի կենդանաբանական այգում ամփոփվել է բուժական ձիավարության՝ հիպոթերապիայի ծրագրի երկրորդ փուլը

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ու ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ անցկացվող հիպոթերապիայի ծրագրի երկրորդ փուլն ամփոփվել է Երևանի կենդանաբանական այգում:

Դեռևս 2015 թվականի հունիսին Երևանի կենդանաբանական այգու տարածքում ներառական առաջին խաղահրապարակի բացումով մեկնարկած միջոցառումների հիմնական առաքելությունը հաշմանդամություն ունեցող երեխաների ինտեգրումն ու նրանց վերականգնողական գործընթացին նպաստելն է:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը, ընդգծելով ծրագրի կարևորությունը, նշել է, որ այսօր մայրաքաղաքում բնակվող հաշմանդամություն ունեցող անձանց, հատկապես երեխաների համար մասնավոր և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնցից մեկն էլ հիպոթերապիան է:
Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, ներկայացնելով հիպոթերապիան, նշել է, որ այս տարի ծրագիրը մեկնարկել էր հոկտեմբերին, նաև նկատել, որ ի տարբերություն նախորդ տարվա՝ հիպոթերապիայով զբաղվելու օրերը դարձել են շաբաթական 3 անգամ, ինչի շնորհիվ բուժական ձիավարության դասերին մասնակցելու հնարավորություն են ունեցել ինչպես նախորդ տարվա շահառուները, այնպես էլ նոր գրանցված երեխաներ:
Ամփոփիչ միջոցառման շրջանակում ևս երեխաները հնարավորություն են ունեցել այգու ձիարշավարանում անվճար ձիավարելու և մասնակցելու հատուկ վարժանքների: 
Ծնողները, շնորհակալություն հայտնելով ծրագրի կազմակերպման համար, նշել են, որ հիպոթերապիայի արդյունքները տեսանելի են եղել յուրաքանչյուր պարապմունքից հետո:
Երեխաները մասնակից են դարձել նաև նախատոնական ուրախ միջոցառման, ստացել տոնական նվերներ:

Person Image
19.10.2016

Երևանի հ. 126 մանկապարտեզը հիմնանորոգումից հետո իր դռներն է բացել շուրջ 350 սաների առջև

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ միասին ներկա է գտնվել Երևանի հ. 126 մանկապարտեզի վերաբացման արարողությանը: Հիմնանորոգումից հետո նախակրթարանն իր դռներն է բացել շուրջ 350 փոքրիկների առջև: Մանկապարտեզի սաներն իրենց երաժշտական կատարումներով յուրօրինակ շնորհակալություն են հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր ներդրում են ունեցել նախակրթարանի հիմնանորոգման գործում: Մանկապարտեզի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետին և տիկին Ռիտա Սարգսյանին: 

Նախակրթարանի հիմնանորոգման ծրագիրն իրականացվել է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի աջակցությամբ՝ «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի և «Բիայնա» սոցիալ-մշակութային հիմնադրամի ֆինանսավորմամբ: Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ էլ անհրաժեշտ նոր գույքով են կահավորվել խմբասենյակները, խոհանոցը, դահլիճներն ու աշխատանքային մյուս սենյակները: Մանկապարտեզի բակը նույնպես բարեկարգվել և կահավորվել է մանկական ժամանակակից խաղերով: 
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ միասին շրջել է մանկապարտեզում, ծանոթացել կատարված աշխատանքներին: Պատասխանատուները նշել են, որ ծրագրի շրջանակում փոքրիկների կրթության ու դաստիարակության համար ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները:

Person Image
13.10.2016

Սպորտլանդիա` Կենտրոն վարչական շրջանի մանկապարտեզների միջև

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում տեղի է ունեցել Կենտրոն վարչական շրջանի տարածքում տեղակայված մանկապարտեզների ամենամյա սպորտլանդիան` «Առողջ մարմնում՝ առողջ հոգի» խորագրով: Մարզական միջոցառման բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը և աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը: Սպորտլանդիայի բացմանը ներկա է գտնվել նաև մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը:

Ողջունելով միջոցառման կազմակերպիչներին, մասնակից երեխաներին ու ծնողներին` քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը նշել է, որ կրկնակի ուրախալի և նաև ընդօրինակելի է մարզական այս միջոցառման գաղափարը, որով դեռ մանուկ հասակից երեխաներին սերմանվում է զանգվածային սպորտի կարևորությունը: Այնուհետ ազդարարվել է սպորտլանդիայի մեկնարկը: Թվով 10 մանկապարտեզների ավագ խմբերի սաները սպորտլանդիայի տարբեր փուլերի ընթացքում մրցել են 5 վարժություններում: Ընդհանուր հաշվարկով սպորտլանդիայի հաղթող է ճանաչվել համար 7 մանկապարտեզի թիմը, 2-րդ տեղը զբաղեցրել է համար 17 մանկապարտեզի թիմը և մրցանակային եռյակը եզրափակել է համար 3 մանկապարտեզը: Հաղթող և մրցանակակիր թիմերը պարգևատրվել են գավաթներով, պատվոգրերով և խրախուսական նվերներով:

Person Image
26.07.2016

Սննդի անվտանգության դիտարկումներ` քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ աշխատակազմի հանրակրթության և վերահսկողության վարչությունների կողմից մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում է վերահսկողությունը քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներին մատակարարվող սննդի պիտանելիության ժամկետների, որակի և պահպանման նկատմամբ։ 

 Հաշվի առնելով ամռան ամիսների ջերմաստիճանային բարձր ֆոնը՝ հանձնարարվել է խստացնել վերահսկողությունը սննդամթերքի պահպանման համար անհրաժեշտ ջերմաստիճանը և պայմաններն ապահովելու ուղղությամբ: Հատուկ ուշադրություն է դարձվում նաև ճաշացանկերի համապատասխանությանը եղանակային պայմաններին: Ըստ այդմ հանձնարարվել է երեխաների սննդակարգը համալրել բանջարեղենի և մրգի տեսականիով, ինչպես նաև ապահովել հեղուկի անհրաժեշտ քանակություն:
 Այցելությունների ընթացքում տեղերում պատասխանատուներին տրվել են համապատասխան ցուցումներ`սահմանված բոլոր չափանիշները խստագույնս պահպանելու նպատակով: