Մեզ արդեն օգնել են 11,215 մարդ 185,572,905 դրամ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Person Image
22.06.2016

Դպրոցական առաջին պայուսակները՝ Երևանի քաղաքապետարանից

Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում մեկնարկել են ավագ խմբերի ավարտական-ամփոփիչ հանդեսները, որոնց ընթացքում յուրօրինակ հաշվետվությամբ ներկայացվում են նախադպրոցական ուսումնական հաստատությունում երեխաների ձեռք բերած գիտելիքները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մանկապարտեզն ավարտող ավագ խմբերի դպրոցահասակ բոլոր երեխաները հանդեսների ավարտին քաղաքապետարանի կողմից ստանում են ուսումնական իրենց առաջին նվերները. դպրոցական պայուսակներ՝ 13 անուն անհրաժեշտ դպրոցական պարագաներով, այդ թվում` գրենական պիտույքներ և նկարչական տարբեր ալբոմներ ու ներկեր։

 «Վերջին տարիներին ձևավորված ավանդույթի համաձայն` մանկապարտեզներն ավարտող բոլոր երեխաներին Երևանի քաղաքապետի կողմից մատուցվում է հաճելի անակնկալ՝ դպրոցական պայուսակներ: Կարևորելով պայուսակի ճիշտ ընտրությունը՝ այս տարի համագործակցել ենք մանկաբույժների հետ և ընտրել հատուկ՝ առողջապահական ընդունված չափորոշիչներին համապատասխան պայուսակներ»,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը: 
 Նշենք, որ ընդհանուր առմամբ ավարտական-ամփոփիչ հանդեսների ժամանակ 10.000 պայուսակ կբաժանվի ապագա դպրոցականներին:

Person Image
09.06.2016

Հրաժեշտ մանկապարտեզին. «Տարվա եղանակները»` գեղարվեստական բեմադրությամբ

Մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի մանկապարտեզների շուրջ 500 սաների մասնակցությամբ կայացավ վարչական շրջանի մանկապարտեզների ավարտական միջոցառումը: Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ավարտական խմբերի փոքրիկները ներկայացրել են «Տարվա եղանակները» խորագրով գեղարվեստական բեմադրությունը՝ համեմված հայկական տոնացույցի մանուկների կողմից ամենասպասված տոներին անդրադարձով:

 Կենտրոն վարչական շրջանի արդեն ավանդական դարձած միջոցառմանը փոքրիկների ծնողների հետ միասին ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երևանի ավագանու անդամներ, քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ:
 Ազգային, նաև համաշխարհային մշակույթների միաձուլմամբ համերգային ծրագիրը, ծնողների հավաստմամբ, դաստիարակչական և ուսուցողական բնույթ է կրել:
 Միջոցառմանը մասնակից բոլոր 500 փոքրիկները, դպրոցին ընդառաջ, Երևանի քաղաքապետարանի կողմից ստացել են գրենական պիտույքներով դպրոցական պայուսակներ: 
 Հիշեցնենք, որ, վերջին տարիներին ձևավորված ավանդույթի համաձայն, Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներն ավարտող դպրոցահասակ բոլոր երեխաները կստանան ուսումնական իրենց առաջին այդ նվերները: 13 անուն անհրաժեշտ դպրոցական պարագաներով ընդհանուր առմամբ 10.000 պայուսակներն ավարտական-ամփոփիչ հանդեսների շրջանակում կփոխանցվեն ապագա աշակերտներին։

Person Image
05.06.2016

Երևանի քաղաքապետարանի կողմից դպրոցական պայուսակներ՝ ապագա աշակերտներին

Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներն ավարտող դպրոցահասակ երեխաները քաղաքապետարանի կողմից կստանան ուսումնական իրենց առաջին նվերները: Ավագ խմբերի բոլոր երեխաներին կհանձնվեն դպրոցական պայուսակներ՝ 13 անուն անհրաժեշտ դպրոցական պարագաներով՝ այդ թվում գրենական պիտույքներ և նկարչական տարբեր ալբոմներ ու ներկեր։
Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամ կազմակերպությունների կամավորների ներգրավմամբ ընդհանուր առմամբ 10.000 պայուսակներն արդեն նախապատրաստվել են և ավարտական-ամփոփիչ հանդեսների շրջանակում կփոխանցվեն ապագա աշակերտներին։

Person Image
07.04.2016

Երևանի քաղաքապետարանը՝ Երևանի մանուկների կողքին

Մայրության և գեղեցկության օրը մեկնարկել է «Երևանի քաղաքապետարանը՝ Երևանի մանուկների կողքին» բարեգործական ծրագրի 2016 թվականի 1-ին փուլը: Ծրագրի մեկնարկին ներկա են գտնվել քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը, «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Նարինե Մանուկյանը, ծրագրի շահառուներ:

 «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ-ի հետ Երևանի քաղաքապետարանը համագործակցում և նրան աջակցում է 2014 թվականից: Նշված ծրագրի նպատակն այս տարի նույնպես այլընտրանքային վերականգնողական ծրագրի՝ մանկական ուղեղային կաթված ունեցող և միայնակ մայրերի խնամքին եղած 1-10 տարեկան երեխաների բուժմանն աջակցելն է:
Հիշեցնենք, որ նախորդ տարի վերականգնողական բուժում է ստացել երևանաբնակ 17 երեխա։
 «Երևանի քաղաքապետարանը՝ Երևանի մանուկներին» ծրագիրն այս տարի կանցկացվի 2 փուլով: Ծրագրում ընդգրկվել են երևանաբնակ միայնակ մայրերի՝ մանկական ուղեղային կաթված ունեցող 19 երեխաներ: Երեք ամիս տևողությամբ առաջին փուլով երեխաները կանցնեն արտթերապիա, որին կհաջորդեն ջրային թերապիայի և կինեզոթերապիայի փուլերը»,- նշել է «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Նարինե Մանուկյանը:
 Վերջինս նաև շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ ծրագրի իրականացման հարցում ցուցաբերած մշտական ուշադրության և աջակցության համար:

Person Image
03.02.2016

Քաղաքապետարանի ենթակայության կրթական հաստատություններն աշխատում են հստակ աշխատակարգով

Փետրվարի 1-ից՝ ուսումնական 2-րդ կիսամյակի մեկնարկից, քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության աշխատակիցները պարբերաբար անակնկալ այցեր են կազմակերպում դպրոցներ ու մանկապարտեզներ՝ տեղերում ստուգելու երեխաների հաճախելիությունը, անհրաժեշտ ջերմային ռեժիմի ապահովումը, ինչպես նաև հետևելու ուսումնական գործընթացի պատշաճ կազմակերպմանը:

Հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը նշել է, որ բոլոր հաստատություններում, ջեռուցման համակարգերի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով, սահմանված է եղել սպասարկող անձնակազմի հերթապահություն: Նշենք, որ ջեռուցման համակարգերը գործել են ձմեռային ամբողջ արձակուրդի ընթացքում: 
«Չնայած հանգամանքին, որ ամեն օր մենք բոլոր հաստատություններից ստանում ենք ջերմային ռեժիմի, ինչպես նաև երեխաների հաճախելիության վերաբերյալ տեղեկատվություն, այդուամենայնիվ, նաև ինքներս ենք լինում տեղերում և անձամբ համոզվում: Այսօր արդեն կարող ենք փաստել, որ քաղաքապետարանի ենթակայության բոլոր դպրոցներում ու մանկապարտեզներում ապահովված է անհրաժեշտ ջերմային ռեժիմ: Բացի այդ, իրականացվում է նաև բժշկական խիստ հսկողություն` շնչառական հիվանդություններով երեխաների հաճախումը բացառելու նպատակով»,-ընդգծել է Գայանե Սողոմոնյանը: