Մեզ արդեն օգնել են 11,215 մարդ 185,572,905 դրամ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Person Image
29.12.2015

ՆՈՒՀ-երում շարունակվում են ամանորյա տոնական միջոցառումները

Համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններն այս օրերին հագեցած են ամանորի տոնական միջոցառումներով: Դրանցից հերթականը կայացել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղակայված «Հեքիաթ» մանկապարտեզում:

Տարեմուտի հանդեսն այս դեպքում ավելի շատ ներկայացման ձևով էր: Ավագ և միջին խմբերի երեխաները դաստիարակների աջակցությամբ բեմականացրել են Պ. Չայկովսկու «Մարդուկ-ջարդուկ» հեքիաթ-ներկայացման սեփական տարբերակը: Փոքրիկներն իրենց տպավորիչ խաղով զարմացրել են դահլիճում հավաքված ծնողներին ու հյուրերին: Այնուհետ երեխաները երգել ու պարել են, հյուրընկալել Ձմեռ պապին ու տոնական նվերներ ստացել: 

«Հեքիաթ» մանկապարտեզը Երևանի քաղաքապետարանի 2015 թվականի ծրագրով նորոգված 31 մանկապարտեզներից մեկն է:

Person Image
28.12.2015

Ամանորյա նվերներ՝ երևանցի փոքրիկներին

Ամանորի նախաշեմին Երևանի քաղաքապետարանն այս տարի ևս հաճելի անակնկալ է մատուցել երևանաբնակ փոքրիկներին: Ավելի քան 40200 երեխաներ ստացել են քաղցրավենիքի նվեր-փաթեթներ՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական մաղթանքով: 
Զուգահեռաբար, ամանորյա տոնակատարությունների շրջանակում, երեխաների համար տարաբնույթ համերգային ու թատերական ծրագրեր են իրականացվում մայրաքաղաքի մշակութային հաստատություններում: Հունվարի 5-ին էլ Հանրապետության հրապարակում փոքրիկների համար նախատեսված է համերգային հատուկ ծրագիր, որին Ձմեռ պապի ու Ձյունանուշի հետ միասին կմասնակցեն նաև սիրված հեքիաթների ու մուլտֆիլմերի հերոսները:

Person Image
18.11.2015

Խմբասենյակային նոր գույք` Երևանի քաղաքապետարանի թիվ 154 մանկապարտեզին

Երևանի քաղաքապետարանի համար 154 մանկապարտեզին տրամադրվել է խմբասենյակային նոր գույք` աթոռներ, սեղաններ, տնակներ, զարգացնող խաղեր: Գույքը հավասարաչափ տեղ է գտել կրթօջախում գործող բոլոր 4 խմբերում: Մանկապարտեզի տնօրեն Արփինե Խաչատրյանը նշել է, որ նորոգ ու բարեկարգ մանկապարտեզին քաղաքապետարանի նվիրաբերած գույքը կարևոր է բազմատեսակ խաղերի կազմակերպման համար և ըստ տարիքային խմբերի՝ կնպաստի փոքրիկների ֆիզիկական և մտավոր ունակությունների կատարելագործմանն ու զարգացմանը:

Person Image
11.11.2015

Նուբարաշենի մանկապարտեզը նշել է աշխատանքային գործունեության 50-ամյակը

Մայրաքաղաքի Նուբարաշեն վարչական շրջանում տեղակայված թիվ 125 մանկապարտեզում մեծ շուքով նշվել է աշխատանքային գործունեության 50-ամյակը: Այդ առիթով կազմակերպված տոնական միջոցառմանը ներկա են գտնվել վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանը, աշխատակազմի ներկայացուցիչներ, թաղամասի բնակիչներ, հյուրեր: Իսկ մանկապարտեզի տարբեր տարիների սաները,այդ թվում և տնօրեն Արևիկ Գնունին, ոչ միայն ներկա են գտնվել գրական-երաժշտական ցերեկույթին, այլև անմիջական մասնակցություն ցուցաբերել միջոցառմանը, որն ակամայից վերածվել է նաև տասնամյակների գործունեության յուրատիպ հաշվետվության: Հանդիսության առիթով ներկայացվել է մանկապարտեզի առաջին կազմակերպիչ Ռոզա Ազիզյանի տեսաուղերձը ԱՄՆ-ից: Այնուհետ ներկաներին իրենց երգ ու պարով ու տոնական համարներով ողջունել են կրթօջախի ներկայիս սաները:

Օրվա խորհրդով կայացել է նաև համերգային ծրագիր`մանկապարտեզի նախկին սաներ Դավիթ Թուջարյանի և փոքրիկ Յանայի մասնակցությամբ: Մանկապարտեզի տնօրեն Արևիկ Գնունին իր ողջույնի խոսքում նշել է, որ իրենց համար թերևս ամենամեծ նվերը դարձել է կրթօջախի հիմնանորոգումը`Երևանի քաղաքապետարանի ծրագրով: Հոբելյանի առիթով մանկապարտեզին նվիրաբերվել է խմբասենյակային գույք:

Person Image
29.10.2015

Մայրաքաղաքի մանկապարտեզներում ավարտական փուլում է գույքի բաշխման 2015 թվականի ծրագիրը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ երրորդ տարին անընդմեջ մայրաքաղաքի համայնքային ենթակայության մանկապարտեզներում ընթանում է գույքի բաշխման ծրագիրը, որը ներառում է բոլոր մանկապարտեզները:

Ծրագրի արդյունքում համայնքային ենթակայության բոլոր 160 մանկապարտեզները ներկայում ապահովված են խոհանոցային նոր տեխնիկայով: Այս տարի առաջին անգամ ծրագրում ներառվել է նաև կոշտ գույքի թարմացումը: Մահճակալներից, զգեստապահարաններից բացի, մանկապարտեզները ստանում են նաև խոհանոցի կենցաղային նոր գույք: Հանձնաժողովը մանրակրկիտ ուսումնասիրում է գույքի համապատասխանությունը տեխնիկական բնութագրերին։ 

Այս տարվա ծրագրով նախատեսված 107 սառնարաններն արդեն բաշխվել են: Մինչև տարեվերջ մանկապարտեզները կստանան նաև 1130 հատ երկհարկանի մահճակալ, 1084 հատ մանկական զգեստապահարան (յուրաքանչյուրը` 5 երեխայի համար նախատեսված առանձնացված բաժիններով), սննդի մշակման 420 սեղան, խմորի մշակման 149 սեղան, պատրաստի սննդի բաշխման 158 սեղան, հացի, ինչպես նաև չոր սննդամթերքի պահպանման փայտե, տարբեր տարողությունների 561 պահարան։ Ծրագիրը կրելու է շարունակական բնույթ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն