ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Person Image
11.11.2015

Նուբարաշենի մանկապարտեզը նշել է աշխատանքային գործունեության 50-ամյակը

Մայրաքաղաքի Նուբարաշեն վարչական շրջանում տեղակայված թիվ 125 մանկապարտեզում մեծ շուքով նշվել է աշխատանքային գործունեության 50-ամյակը: Այդ առիթով կազմակերպված տոնական միջոցառմանը ներկա են գտնվել վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանը, աշխատակազմի ներկայացուցիչներ, թաղամասի բնակիչներ, հյուրեր: Իսկ մանկապարտեզի տարբեր տարիների սաները,այդ թվում և տնօրեն Արևիկ Գնունին, ոչ միայն ներկա են գտնվել գրական-երաժշտական ցերեկույթին, այլև անմիջական մասնակցություն ցուցաբերել միջոցառմանը, որն ակամայից վերածվել է նաև տասնամյակների գործունեության յուրատիպ հաշվետվության: Հանդիսության առիթով ներկայացվել է մանկապարտեզի առաջին կազմակերպիչ Ռոզա Ազիզյանի տեսաուղերձը ԱՄՆ-ից: Այնուհետ ներկաներին իրենց երգ ու պարով ու տոնական համարներով ողջունել են կրթօջախի ներկայիս սաները:

Օրվա խորհրդով կայացել է նաև համերգային ծրագիր`մանկապարտեզի նախկին սաներ Դավիթ Թուջարյանի և փոքրիկ Յանայի մասնակցությամբ: Մանկապարտեզի տնօրեն Արևիկ Գնունին իր ողջույնի խոսքում նշել է, որ իրենց համար թերևս ամենամեծ նվերը դարձել է կրթօջախի հիմնանորոգումը`Երևանի քաղաքապետարանի ծրագրով: Հոբելյանի առիթով մանկապարտեզին նվիրաբերվել է խմբասենյակային գույք:

Person Image
29.10.2015

Մայրաքաղաքի մանկապարտեզներում ավարտական փուլում է գույքի բաշխման 2015 թվականի ծրագիրը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ երրորդ տարին անընդմեջ մայրաքաղաքի համայնքային ենթակայության մանկապարտեզներում ընթանում է գույքի բաշխման ծրագիրը, որը ներառում է բոլոր մանկապարտեզները:

Ծրագրի արդյունքում համայնքային ենթակայության բոլոր 160 մանկապարտեզները ներկայում ապահովված են խոհանոցային նոր տեխնիկայով: Այս տարի առաջին անգամ ծրագրում ներառվել է նաև կոշտ գույքի թարմացումը: Մահճակալներից, զգեստապահարաններից բացի, մանկապարտեզները ստանում են նաև խոհանոցի կենցաղային նոր գույք: Հանձնաժողովը մանրակրկիտ ուսումնասիրում է գույքի համապատասխանությունը տեխնիկական բնութագրերին։ 

Այս տարվա ծրագրով նախատեսված 107 սառնարաններն արդեն բաշխվել են: Մինչև տարեվերջ մանկապարտեզները կստանան նաև 1130 հատ երկհարկանի մահճակալ, 1084 հատ մանկական զգեստապահարան (յուրաքանչյուրը` 5 երեխայի համար նախատեսված առանձնացված բաժիններով), սննդի մշակման 420 սեղան, խմորի մշակման 149 սեղան, պատրաստի սննդի բաշխման 158 սեղան, հացի, ինչպես նաև չոր սննդամթերքի պահպանման փայտե, տարբեր տարողությունների 561 պահարան։ Ծրագիրը կրելու է շարունակական բնույթ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Person Image
07.10.2015

«Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթ

«Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթի քաղաքային փուլի անցկացման նպատակով գնահատող հանձնաժողովը ապրիլ-մայիս ամիսներին այցելեց Երևանի վարչական շրջանների կողմից ներկայացված հհ.13, 22, 47, 55, 73, 92, 103, 123, 126, 153 մանկապարտեզներ՝ դիտելու օրինակելի պարապմունքի և դաստիարակների աշխատանքային գործունեության տարբեր ձևեր: 

Այնուհետև Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ հանդիպում «Լավագույն դաստիարակ» մրցույթի քաղաքային փուլին մասնակցող դաստիարակների, տնօրենների և վարչական շրջանների կրթության, մշակույթի և սպորտի բաժինների պետերի հետ։ Ներկա գտնվողներն իրազեկվեցին մրցույթի հետագա գործընթացի՝ կլոր սեղանի կարգի մասին։ Տրվեցին հարցեր և պատասխաններ։

Մայիսի 20-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ «Լավագույն դաստիարակ» մրցույթի քաղաքային փուլը՝ կլոր սեղան։ Հանձնաժողովի կազմում ընդգրկված էին ՀՀ ԿԳՆ աշխատակից, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության մասնագետներ, մանկապարտեզի տնօրեն, դաստիարակ։ Այն նախագահում էր վարչության պետ տիկին Գ.Սողոմոնյանը։ Արդյունքում «Տարվա լավագույն դաստիարակ» ճանաչվեց համար 47 մանկապարտեզի դաստիարակ Արմինե Մնացականյանը, իսկ գլխավոր մրցանակի արժանացավ համար 103 մանկապարտեզի դաստիարակ Սուսաննա Թովմասյանը։ Ա.Մնացականյանը կմասնակցի հոկտեմբերին կայանալիք մրցույթի հանրապետական փուլին։

Person Image
01.09.2015

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ և ծնողներ, 
սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:
Այսօր մեկնարկում է նոր գիտելիքների ձեռքբերման, նոր արժեքներ ճանաչելու ու արդեն պաշարած գիտելիքները նորովի արժևորելու ևս մեկ տարի: Առանձնակի ջերմությամբ եմ շնորհավորում մայրաքաղաքի բոլոր այն փոքրիկներին, ովքեր այսօր առաջին անգամ են ոտք դնում դպրոցի շեմին ու նաև այն պատանիներին ու աղջիկներին, ովքեր հաջողությամբ հաղթահարելով քննաշրջանը՝ արդեն որպես ուսանող ոտք են դնելու իրենց նախընտրած ուսումնական հաստատություններ: Բոլոր սովորողներին համբերատար ու հետևողական ուսումնառություն և բարձր առաջադիմություն եմ մաղթում, իսկ մանկավարժներին՝ հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ սերունդների կրթության և դաստիարակության դժվարին, բայցև  շնորհակալ աշխատանքում: Որակյալ կրթությունը մեր ժողովրդի համար միշտ էլ առաջնային է եղել, ուստի մաղթում եմ, որ  նոր ուսումնական տարին լինի առավել հագեցած և արդյունավետ: Վստահեցնում եմ, որ քաղաքապետարանն իր հերթին անում և անելու է հնարավորը՝ որակյալ կրթության համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու ուղղությամբ: 
Սիրելի՛ դպրոցականներ,  ուսման ձեր բարձր առաջադիմությամբ ու հաջողություններով դուք ևս մեկ քայլով ամրապնդելու եք մեր բարեկեցիկ վաղվա օրն ու ձեր ակտիվ և անմիջական մասնակցությունն եք ունենալու մեր երկրի ու մեր սիրելի քաղաքամայր Երևանի կերտման գործում:
Հաջողություններով ու ձեռքբերումներով լի նոր ուսումնական տարի եմ մաղթում բոլորիդ: 

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ

Person Image
31.07.2015

Երևանի մանկապարտեզները տարեկան ծրագրով նախատեսված նոր գույքն են ստանում

Երևանի համայնքային ենթակայության մանկապարտեզները նոր գույքով համալրելու տարեկան ծրագիրը մեկ ամիս է, ինչ ընթացքում է։ Արդեն երրորդ տարին անընդմեջ իրականացվող ծրագրում յուրաքանչյուր տարի ընդգրկվում են բոլոր մանկապարտեզները, որոնք աստիճանաբար համալրվում են անհրաժեշտ նոր գույքով՝ ըստ տարվա գույքագրման տվյալների։

«Երեք տարի առաջ, երբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախաձեռնեց այս լայնածավալ ծրագիրը, Երևանի գրեթե բոլոր մանկապարտեզներում դեռևս խորհրդային տարիների հնամաշ գույքն էին գործածում։ Այսօր հպարտությամբ կարող ենք ասել, որ ծրագրի ենթաբաժիններից մեկը, օրինակ, լիարժեք կատարված է. համայնքային ենթակայության բոլոր 161 մանկապարտեզներն ապահովված են խոհանոցային նոր տեխնիկայով՝ սառնարաններով, սառցախցիկներով, մսաղացներով. որոշներն անգամ, հաճախող երեխաների թվով պայմանավորված՝ երկու և ավելի սառնարանով։ Ծրագիրն իրականացվում է տարեկան ժամանակացույցի համաձայն։ Կոշտ գույքի բաշխումը շարունակվում է։ Մահճակալներից, զգեստապահարաններից բացի, այս տարի մանկապարտեզներն առաջին անգամ ստանում են նաև խոհանոցային նոր գույք՝ տեխնիկական մասնագիտական բնութագրերով։ Տարեկան այս ծրագիրը շարունակական է լինելու։ Քաղաքապետի պահանջն է՝ յուրաքանչյուր երեխա, ով հաճախում է մանկապարտեզ, իրեն անհրաժեշտ նորմատիվներով լիարժեք ապահովված լինի՝ որակյալ սննդով ու այն ամենով, ինչ չափորոշիչներով սահմանված է նրա համար»,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը և հավելել, որ ընդունող հանձնաժողովը մանրակրկիտ հետևողականությամբ է ստուգում գույքի համապատասխանությունը տեխնիկական բնութագրերին։

Այս տարի որևէ թերացում չի արձանագրվել։ 2015 թվականին Երևանի համայնքային ենթակայության մանկապարտեզներին քաղաքապետարանը բաշխելու է ընդհանուր հանրագումարով՝ 1130 հատ երկհարկանի մահճակալ, 1084 հատ մանկական զգեստապահարան (յուրաքանչյուրը 5 երեխայի համար նախատեսված առանձնացված բաժիններով), սննդի մշակման 420 սեղան, խմորի մշակման 149 սեղան, պատրաստի սննդի բաշխման 158 սեղան, հացի, ինչպես նաև չոր սննդամթերքի` նպարեղենի պահպանման փայտե 561 պահարան՝ տարբեր տարողությունների։ Այս տարվա ծրագրով նախատեսված 107 սառնարաններն արդեն բաշխվել են մանկապարտեզներին։