ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Person Image
07.05.2015

Երևանի մանկապարտեզները համալրվում են գույքով

Վերջին երեք տարիների ընթացքում Երևանի քաղաքապետ պարոն Տ.Մարգարյանի նախաձեռնությամբ նախադպրոցական հաստատությունները ոչ միայն նորոգվեցին, այլև համալրվեցին կոշտ գույքով / սեղան, աթոռ, զգեստապահարան, մահճակալ/, խոհանոցային սպասքով /էմալապատ և ալյումինե կաթսաներ/ և կենցաղային տեխնիկայով /սալօջախ, սառնարան/։ Գործընթացը շարունակվում է:
10.04.2015թ. մեկնարկվեց սառնարանների բաշխումը Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներին:
Ընթացքի մեջ է սննդի մշակման և մասնատման չժանգոտվող մետաղական սեղանների, ինչպես նաև հացի, այլ սննդատեսակների պահպանման միաշերտ նրբատախտակե պահարանների բաշխումը։

 

Person Image
04.02.2015

Վերաբացվել է Երևանի համար 1 մանկապարտեզը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը և Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանն այցելել են Երևանի համար 1 մանկապարտեզ՝ ծանոթանալու վերաբացված նախադպրոցական կրթօջախի աշխատանքային պայմաններին։

 

«Մանկապարտեզը մի քանի տարի առաջ շենքային շատ վատ պայմանների պատճառով ժամանակավորապես դադարեցրել էր գործունեությունը. գրեթե բացակայում էր տանիքը, ինչի պատճառով ոչ միայն անձրևաջրերը, այլև բազմազան միջատներ՝ ընդհուպ կարիճներ էին անարգել թափանցում մանկապարտեզի շենք։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքային իշխանության ղեկավարումն ստանձնելուց ի վեր, ձեռնարկեց այս մանկապարտեզի շենքը նորոգելու և մանկապարտեզը շահագործման վերադարձնելու գործը։ Տանիքն ամբողջությամբ հիմնանորոգվել է, նորոգվել են խմբասենյակներն ու դահլիճը: Քաղաքապետարանը նաև անհրաժեշտ գույքով է ապահովել՝ թե՛ կոշտ, թե՛ փափուկ, թե՛ խոհանոցային։ Եվ առաջին իսկ օրը առայժմ 30 երեխա հաճախում են մանկապարտեզ։ Առաջիկա օրերին արդեն 60 երեխա կհաճախի, մինչ քայլ առ քայլ, հերթագրումով կհամալրվեն բոլոր 4 խմբերը և երեխաների թիվը կհասնի շուրջ 120-ի։ Այստեղ կհաճախեն հիմնականում մոտակա մանկապարտեզներում հերթագրված երեխաները»,- ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։

 

Person Image
12.09.2014

Մանկապարտեզներին նոր գույք բաշխելու տարեկան ծրագիրն ավարտվում է

Երևանի համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններին պատվիրված նոր գույքը բաշխելու ծրագրի վերջին փուլն է իրականացվում մանկապարտեզներում։

«Թե՛ գույքը պատվիրելիս, թե՛դրա բաշխման ընթացքում խստորեն հետևում ենք տեխնիկական բնութագրերին։ Քաղաքապետի հանձնարարությամբ ստեղծված հանձնաժողովը մանրամասնորեն է ուսումնասիրում այս օրերին մանկապարտեզներին տրամադրվող գույքը. նկատվող թերությունները շտկվում են տեղում կամ ամենակարճ ժամկետում։ Թե՛ անցյալ տարի, թե՛ այս տարի ծրագրում ներառված են համայնքային ենթակայության բոլո՛ր մանկապարտեզները՝ ըստ անհրաժեշտ գույքի, որ նախապես գույքագրել էինք։ Շրջելով մանկապարտեզներում, արձանագրելով անցյալ տարվա ծրագրի արդյունքը համալրող 2014թ. ծրագրի արդյունքները՝ տեսանելի է, որ քաղաքապետն, այդպիսով, բեկումնային ծրագիր է նախաձեռնել մանկապարտեզների համար»,-նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։

Այդպիսով, 2014թ. ծրագրով սահմանված ժամանակացույցով մանկապարտեզներին բաշխվելու է 1074 եռահարկ մահճակալ (3222 երեխայի համար), 1786 երկհարկ մահճակալ (3572 երեխայի համար), 1493 մանկական զգեստապահարան, որոնցից յուրաքանչյուրը, ըստ առանձնացված մասնաբաժինների, նախատեսված է 5 երեխայի համար, 7213 աթոռակ, 1638 սեղան։ Ծրագրով նախատեսված 33 սալօջախի և 56 սառնարանի խմբաքանակն արդեն ամբողջությամբ բաշխվել է մանկապարտեզներին։

 

Person Image
03.07.2014

Երևանի մանկապարտեզներում սկսվել է նոր գույքի բաշխման 2014թ. ծրագիրը

Երևանի մանկապարտեզներում սկսվել է նոր գույքի բաշխման 2014թ. ծրագիրը, որում ներգրավված են քաղաքապետարանի ենթակայության բոլոր մանկապարտեզները։ Գույքը մանկապարտեզներին տրամադրվում է ըստ նախապես արված գույքագրման։ 2014 թ. սահմանված ժամանակացույցով մանկապարտեզներին բաշխվելու է 1074 հատ եռահարկ և 1786 հատ երկհարկ մահճակալ (6794 երեխայի համար), 1493 մանկական զգեստապահարան, որոնցից յուրաքանչյուրը, ըստ առանձնացված մասնաբաժինների, 5 երեխայի համար է նախատեսված, 7213 աթոռակ, 1638 սեղան։ Օգոստոսի կեսերից էլ հերթագրված մանկապարտեզներին են տրամադրվելու ծրագրով նախատեսված 56 սառարնարանները և 40 սալօջախները։

«Մանկապարտեզներում նոր գույքի համալիր ծրագիրը դեռևս 2013 թվականին է մեկնարկել: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ նախապես գույքագրվել էր մանկապարտեզների մաշված գույքը։ Մեծ ծավալ էր գրանցվել, որը աստիճանաբար թեթևանում է։ Ծրագրին առաջին տարում 500 մլն դրամ էր հատկացվել։ Այս տարի շուրջ 300 մլն դրամ է ուղղվել ծրագրի իրականացմանը։ Ծրագիրը շատ ընդգրկուն և կարևոր է, գույքի որակը վերահսկվում է խստորեն։ Շատ կարևոր է գույքի տեխնիկական բնութագիրը. անհրաժեշտ գույքի պահանջվող չափորոշիչները, նորմատիվները, անշուշտ, որոշվել են գույքը պատվիրելիս՝ մրցույթից առաջ։ Այսօր արդեն՝ գույքը բաշխելու առաջին իսկ օրը, մենք արձանագրում ենք, որ մատակարարները բարեխիղճ են գտնվել և կարողացել են անհրաժեշտ նորմատիվներով և գույքի տեխնիկական բնութագրին համապատասխան գույք տրամադրել։ Պետք է նշեմ, որ քաղաքապետի պահանջով գույքի ընդունման հանձնաժողովում ներգրավված են վստահելի ու բանիմաց մասնագետներ»,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։ 
Ծրագրի առաջին օրը նոր գույքն ստացել են Երևանի հհ. 71, 105, 145, 155 մանկապարտեզները, ընդհանուր հանրագումարով արդեն բաշխվել է 240 աթոռակ, 90 սեղան, 86 եռահարկ և 50 երկհարկ մահճակալ, 60 մանկական զգեստապահարան։

 

Person Image
26.06.2014

Նորոգման աշխատանքներն ավարտվել են Երևանի ևս մեկ մանկապարտեզում

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն այցելել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության համար 154 մանկապարտեզ՝ օրերս ավարտված վերանորգումից հետո շենքային պայմաններին ծանոթանալու նպատակով։ Մի քանի փուլով նորոգված մանկապարտեզում 15 օր առաջ ավարտվել են վերջին փուլում ծրագրված՝ միջանցքների, աստիճանավանդակների ամբողջական նորոգման ու շենքի արտաքին հարդարման աշխատանքները։

«Մանկապարտեզի նորոգումն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի և «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի միջոցներով։ Աշխատանքների ճիշտ ծրագրված հերթականության շնորհիվ մանկապարտեզը նորոգման օրերին էլ է աշխատել, բոլոր 4 խմբերն էլ հաճախել են»,- քաղաքապետի տեղակալին ներկայացրել է մանկապարտեզի տնօրեն Արփինե Խաչատրյանը։
Այնուհետ, մանկապարտեզի տնօրենը քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանին հրավիրել է դիտելու մանկապարտեզի ավագ խմբի սաների ավարտական հանդեսը։ 
Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ համայնքային ենթակայության բոլոր մանկապարտեզների ավագ խմբերի երեխաներին քաղաքապետարանի կողմից նվերները՝ դպրոցական պայուսակներն ու գրենական պիտույքները, այս մանկապարտեզի ավագ սաներին հանձնեց քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։